Հավանաբար հենց նորաձևության աշխարհում են կոտրվում վիզուալ այն կարծրատիպերն ու կաղապարները, որոնք հասարակությունը երկար ժամանակ «եփում» է և «ոսկե սկուտեղի» վրա մատուցում մեզ։ Մասնավորապես, այն մտայնությունը, թե գոյություն ունեն հստակ համադրվող գույներ, կտորներ, ձևվածքներ, նախշեր և այլն։ Սակայն մերօրյա իրականության մեջ արվեստի հետ առնչվող մարդիկ ձգտում են կոտրել այդ կարծրատիպերն ու դեմ գնալ խաղի կանոններին։ Հայկական նորաձևության աշխարհում հենց դիզայներ Մանուկ Ալեքսանյանն է այն մարդը, որը դուրս է գալիս սահմաններից։ Նրա արտադրանքը կարելի է վստահաբար տարբերել հարյուրավոր այլ հագուստների կողքին։

 

Ինչպես արդեն հասկացաք, այսօր պատմելու ենք դիզայներ Մանուկ Ալեքսանյանի մասին։

Մանուկ Ալեքսանյանի արվեստանոցում քեզ առաջինը դիմավորում են նրա կտավները, ոչ թե հագուստը։ Ինչպես ինքն է ասում, իր հավատարիմ հաճախորդները գիտեն, որ նախ և առաջ ինքը նկարիչ է։

— Կմտաբերե՞ք, թե քանի տարի առաջ որոշեցիք մուտք գործել նորաձևության աշխարհ։

— Իմ առաջին ցուցադրությունը եղել է 2013 թվականին, երբ ես դեռ աշխատում էի EL Style ամսագրում՝ Art Director-ի հաստիքով։ Մենք համագործակցում էինք մուլտիբրենդային խանութների հետ, սակայն buyer-ները չէին բերում այն հագուստը, որն անհրաժեշտ էր մեր նկարահանումների համար։ Այդ պահին որոշեցի ստեղծել իմ հավաքածուն։

— Պատմեք հենց այդ առաջին հավաքածուի մասին։

— Հավաքածուն մեծ ցնցում առաջացրեց։ Այն նախատեսված էր 300 անձի համար։ DARK հավաքածուն ոսկե էլեմենտներով էր։ Մենք նույնիսկ ներկայացրինք սև հարսի զգեստ, որը այդ ժամանակ անսպասելի և անակնկալ էր։ Կապսուլային հավաքածուն բաղկացած էր 35 զգեստից։

— Հե՞շտ վաճառվեց այդ հավաքածուն։

— Վստահ կարող եմ ասել՝ ոչ, քանի որ դեռ չկար ձևավորված մշակույթ, որ պետք էր գնել հայկական արտադրանք, հայ դիզայների աշխատանք։ Սակայն այժմ ամեն ինչ այլ է։ Հիմա մտովի տեղափոխվեցի այդ ժամանակահատված․ ես վաճառում էի վերնաշապիկներ, որոնք արժեին 6000 դրամ, բայց մարդիկ չէին գնում, իսկ այսօր քաղաքի ամենանորաձև աղջիկներն ու կանայք կրում են իմ հագուստը։

— Արդյո՞ք հենց սկզբնական փուլում դա ձեզ չի կոտրել, որ հեղինակային աշխատանքը քիչ է գնահատվել, բայց միևնույն է՝ չի վաճառվել։

 

— Ինձ կոտրելը շատ բարդ է։ Ես մեծացել եմ անապահով ընտանիքում, բայց միշտ ունեցել եմ մեծ երազանք և արել եմ ամեն բան, որպեսզի այսօր հայտնվեմ հենց այս կետում։ Աշխատել եմ 16 տարեկանից, ամսագրերի վրա ամեն ամիս ծախսում էի մոտ 10,000 դրամ։ Հիշում եմ՝ որքան հետաքրքիր էին ինձ համար գովազդային արշավները, թե ինչպես պետք է ճիշտ ներկայացնել արտադրանքը։ Աշխատել եմ մատուցող, հետո Rouge խանութում՝ որպես անվտանգության աշխատակից։ Իսկապես շնորհակալ եմ կյանքի այդ փորձի համար։

— Ո՞րն է հաջողության գրավականը։

— Ես զգում եմ տենդենցները և շատ եմ շփվում երիտասարդների հետ։ Ես հաճախում եմ քաղաքի ամենաոճային վայրերը, հասկանում եմ՝ ինչ է լսում երիտասարդությունը։ Օրինակ՝ հենց այդ տրամաբանության ներքո մենք ստեղծեցինք TECHNO հավաքածուն, որը շատ մեծ լսարան գրավեց, ինչը չի կարող չուրախացնել։

— Ուզում եմ խոսենք միջավայրի մասին։ Ինչպե՞ս ձեզ ընդունեցին այս ոլորտում։ Կա՞ր աջակցություն մյուս հայ դիզայներներից։

— Ես 20 տարեկան էի, երբ եկա այս ոլորտ, և չեմ կարող ասել, որ ինձ շատ խանդավառությամբ ընդունեցին, բայց կային մարդիկ, որոնք կողքիս էին, և դա ստվերում էր մնացյալին։ Ինչպես նշեցի՝ ինձ կոտրելը դժվար է։ Ես ինքնուս եմ և վստահ եմ, որ այս տարիների ընթացքում սովորել եմ լուսանկարիչներից, ոճաբաններից, մարքեթինգի ոլորտի մարդկանցից և այսպես շարունակ։

— Ուզում եմ նաև խոսենք երևանյան նորաձևության շաբաթից։ Այդ օրերին քաղաքը խոսում էր հենց ձեր ցուցադրության և հավաքածուի մասին։

— Կարող եմ ասել, որ իրականացավ իմ երազանքը․ ես Հանրապետության հրապարակում ցուցադրեցի իմ հավաքածուն։ Ես ինքս ընտրեցի այդ վայրը, և շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանին, որ մեզ հնարավորություն ընձեռեց ինքներս ընտրել մեր ցուցադրության վայրը։ Բայց բախվեցինք խոչընդոտի․ ցուցադրությունից երկու օր առաջ տեղադրվեց տոնածառը, և մենք ստիպված էինք երկու օրում փոխել մեր կոնցեպտը։ Սակայն քանի որ այս երազանքս արդեն կատարվել է, սպասում եմ հաջորդ շրջադարձային իրադարձությանը։ 

Հեղինակ Թերեզա Հովհաննիսյան

Search

Contact us

Կապվեք մեզ հետ