Ինչու՞ դիտել «Քրիստոբալ Բալենսիագա» մինի սերիալը
Այս տարի նորաձեւության ոլորտին նվիրված շատ կարեւոր ու հետաքրքիր 2 սերիալ դուրս եկավ` Cristóbal Balenciaga-ն եւ The New Look-ը` նվիրված Քրիստիան Դիորին:
Հունվարին Disney+ -ը թողարկեց «Քրիստոբալ Բալենսիագա» սերիալը, որ պատմում է «Բալենսիագա» նորաձեւության տան հիմնադիր-դիզայների մասին: Իսպանական ծագումով, բայց ֆրանսիացու սրտով դիզայները երեսուն տարի գլխավորեց իր նորաձեւության տունը եւ դարձավ ժամանակի ամենապահանջված դիզայները:
Բալենսիագան բրենդն ստեղծեց 1937-ին եւ շնորհիվ իր հստակ սահմանված առաքելության, տաղանդի եւ աշխատասիրության հասավ այնպիսի արդյունքի, որոնք այսօր համարվում են հեղափոխական կարի եւ ձեւվածքի տեսանկյունից:
«Թագավորը մահացած է» . Women”s Wear Daily պարբերականը 1972 -ի մարտին հենց այդպես էր վերնագրել իր շապիկը եւ ընթերցողն, իհարկե, անմիջապես հասկացել էր՝ ում մասին է խոսքը, քանի որ ոլորտում թագավոր անվանում էին միայն նրան:
Նրա ձեռագիրը, մոտեցումը եւ այն փաստը, որ նրա մեծությունը ճանաչել են ժամանակին բոլորն անխտիր, հրաշալի երեւում են սերիալում: Շատ նուրբ ու սիրուն ցուցադրվում է նաեւ, թե իսպանացի լինելու հանգամանքն ինչպես է խանգարել, բայց երբեմն էլ օգնել Բալենսիագային ողջ կարիերայի ընթացքում…
Շատ տպավորիչ էր ընթացքը՝ ինչպես է ստեղծվում Բելգիայի թագուհի Ֆաբիոլայի զգեստը եւ ինչ խնդիրներ կային կառուցվածքի ու կոնֆիդենցիալության հետ կապված ու թե ինչքան փառահեղ է Բալենսիագան լուծում դրանք:
Շատ հետաքրքիր էր նաեւ սերիալում տեսնել Շանելի դերակատարումը Ժամանակին, Բալենսիագայի մրցակցությունը Դիորի հետ, Քրիստոբալի՝ Ջիվենշիին օգնելու փորձերը եւ այլն, եւ այլն: Ինչ պատմական ժամանակներ էին… բարձր նորաձեւության ոլորտի ամենամեծ տները այդ տարիներին են ստեղծվել:
Շատ տպավորիչ էր կարիերան ավարտելու Բալենսիագայի որոշումը, նորաձևության տները Փարիզում, Սան-Սեբաստիայում և Մադրիդում փակելու խիզախությունը, բայց տարօրինակ էր, որ այդ մասին անձամբ չի տեղեկացնում իր աշխատակիցներին և հրաժեշտ չի տալիս նրանց: Դրանից հետո սկսում են դատական գործընթացներ:
Սերիալն օգնեց բացահայտել շատ ուրիշ Բալենսիագա՝ իր բոլոր տարօրինակություններով:
Խորհուրդ ենք տալիս անպայման դիտել սերիալը, եթե դու բարձր նորաձեւության սիրահար ես եւ հետաքրքրվում ես նորաձեւության բրենդերի պատմություններով: