Մենք պարբերաբար լսում ենք պատմություններ, թե ինչպես են մարդիկ վաղ տարիքից երազում աշխատել արվեստի հետ սերտ կապ ունեցող ոլորտում, բայց ընտրում են հողեղեն մասնագիտություն, այնուամենայնիվ, թեկուզ և հասուն տարիքում՝ իրագործելով մանկության երազանքը։

Թվում է՝ իրավաբանությունն ու նորաձևությունը որևէ կերպ չեն փոխկապակցվում, բայց «Themis» բրենդի հիմնադիր Նելլի Աղաբաբյանն այդպես չի կարծում, և հենց այդ համոզմունքն էլ նպաստեց, որ դատական մուրճին փոխարինելու գան էսքիզները։

«Themis» հագուստի բրենդի հիմնադիրն ու դիզայները Նելլի Աղաբաբյանն է, որն առաջին մասնագիտությամբ իրավաբան է և դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։

«Մոտենում էր ատենախոսության պաշտպանության ժամանակը, բայց երկրում այդ ընթացքում իրարանցումներ սկսվեցին, և իմ ատենախոսության պաշտպանությունը պարբերաբար հետաձգվում էր։ Ես սպասման մեջ էի, քանի որ տևական ժամանակ սպասել եմ ատենախոսությանս, որի ավարտից հետո էլ լրացրեցի հոգուս բացը՝ գնալով իմ գաղափարի և երազանքի հետևից»,- ասաց Նելլի Աղաբաբյանը։ 

Բրենդի հիմնադիրը պատմում է, որ ամեն անգամ, երբ այցելում էր 5concept և MADE, որտեղ ներկայացված էին հայ դիզայներների աշխատանքները, հարթակը հաճախորդի տեսանկյունից չէր դիտարկում։

«Ես այլ դիտանկյունից էի նայում հայ դիզայներների աշխատանքներին և ոգեշնչվում, մտածում, թե ինչպես են ստացել այս կամ այն հավաքածուն։ Ամեն անգամ հայ դիզայներների աշխատանքները տեսնելիս ինձ մոտ արթնանում էր զգացողությունը, որ մի օր ես դառնալու եմ այս ամենի մասնիկը, ես ևս մուտք եմ գործելու նորաձևության աշխարհ։ Այդ ազդակներն ու զգացողությունները տեղին էին, քանի որ հենց 2021 թվականին որոշեցի, որ պետք է ստեղծեմ հագուստի իմ բրենդն ու ես ևս ներկայացված լինեմ հայ դիզայներների կողքին»,- պատմեց նա։

Նելլի Աղաբաբյանը նշում է, որ այդ մտքերն իրեն մանկություն են վերադարձրել․ միշտ է սիրել կարել, հագուստը ձևափոխել։

«Ես իսկապես մտածում եմ, որ ամեն բան արվում է ժամանակին։ Երբ գնացի էսքիզավորման դասընթացի, մեզ դասավանդելու էր եկել դիզայներ Նելլի Սերոբյանը, և հենց նրա մոտ եմ սկսել առաջին քայլերը․ նա կարևոր դեր է ունեցել իմ մասնագիտական կյանքում։ Այդ ժամանակ բոլորն ինձ կասկածանքով էին նայում՝ մտածելով, թե ինչու եմ այս տարիքում էսքիզավորում սովորում, բայց դա ևս կարևոր քայլ է, որ, չնայած գիտնականի իմ ճանապարհին, ես որոշել եմ նոր բան սովորել և աշխատել այդ մասնագիտությամբ։ Դա էլ բավական չէր․ ես հաճախեցի գրաֆիկ դիզայնի դասընթացների։ Հագուստի վրա մենք ունենում ենք պատկերներ, որոնց հեղինակը ևս ես եմ»,- ասաց Նելլի Աղաբաբյանը։

«Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ի բացումը «Themis» բրենդինն էր։ Մեզ հետ զրույցում հիմնադիրը պատմեց, որ այդ հավաքածուն նվիրված էր դատավոր Ռութ Գինզբուրգին։

«Հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել եմ Ռութ Գինզբուրգից, որը մինչև իր կյանքի վերջին օրը եղել է Միացյալ Նահանգների գերագույն դատարանի անդամ, և նրա կերպարը թե՛ մասնագիտական, թե՛ նորաձևության դաշտում շատ հայտնի է։ Գինզբուրգը դատավարությունների ժամանակ կրում էր հատուկ ժանյակներ, և գործընկերները փաստում էին, որ ժանյակներից կարող էին կռահել, թե ինչ տրամադրվածություն ունի նա և ինչ որոշում է կայացնելու։ Այս հավաքածուի կարևոր շեշտը դատավորների ոճով կարված օձիքներն են՝ ժաբոները, և ցուցադրության ընթացքում մոդելները եղել են մուրճերով․ հենց այս էր նախապատմությունը»,- մանրամասնեց դիզայները։

«Themis» հագուստի բրենդը նորաձևության շաբաթվա ընթացքում համագործակցել է «SEDA» կոշիկների բրենդի հետ՝ ամբողջացնելու դատավորական կերպարը և համատեղ ուժերով ստեղծվեց կոշիկի հավաքածու, որը ևս ցուցադրության հագուստների հետ վաճառքի է ներկայացված։

«Ինձ համար կարևոր էր, որ մոդելները հագուստը ներկայացնելիս լինեն ամբողջական կերպարով, և կոշիկը կարևոր բաղկացուցիչ էր։ Որոշեցի համագործակցել հենց հայկական բրենդի՝ «SEDA»-ի հետ, և դա իսկապես լավագույն որոշումներից էր։ Հյուրերից և ներկաներից բազմաթիվ գովասանքի խոսքեր էի ստանում, թե ինչքան մտածված էր ամեն դետալ»,- հավելեց նա։

Զրույցի ավարտին Նելլի Աղաբաբյանը պատմեց՝ ինչ դժվարություններ կան հայաստանյան նորաձևության աշխարհում։

«Մենք ունենք գործվածքների խնդիր. եթե սովորաբար դիզայները ստեղծում է էսքիզը, ապա գնում էսքիզին համապատասխան գործվածքի փնտրտուքների, Հայաստանում մենք ստիպված ենք անել հակառակը` նախ ծանոթանալ առկա գործվածքներին, հետո արդեն դրանց հիման վրա ստեղծել էսքիզները։ Կարծում եմ՝ սա ամենամեծ խնդիրն է, որին դիզայներները բախվում են։ Այնուամենայնիվ, ես նկատում եմ՝ ինչպես է օր օրի ոլորտը զարգանում և նոր թափ ստանում։ Ուրախալի հանգամանք է, երբ տեսնում եմ մարդկանց աճող ցանկությունը կրելու հենց հայ դիզայների աշխատանք»,- հավելեց Նելլի Աղաբաբյանը։

Search

Contact us

Կապվեք մեզ հետ